Ցանկ

Ներածություն

Էնդոկրին համակարգը ներառում է մարմնի բոլոր գեղձերը,ինչպես նաև  այդ գեղձերի արտադրած հորմոնները: Գեղձերը կառավարվում են ուղղակիորեն նյարդային համակարգի գրգռման, ինչպես նաև արյան մեջ քիմիական ընկալիչների և այլ գեղձերի արտադրած հորմոնների միջոցով: Կարգավորելով օրգանների ֆունկցիաները՝ այս գեղձերը օգնում են պահպանել օրգանիզմի հոմեոստազը։Հորմոնների ազդեցությամբ են կարգավորվում նաև բջջային նյութափոխանակությունը, վերարտադրությունը, սեռական զարգացումը, շաքարի և հանքանյութերի հոմեոստազը, սրտի բաբախյունը, մարսողությունը և այլ բազմաթիվ գործընթացներ։

Հիպոթալամուս

Հիպոթալամուս (ենթատեսաթումբ) գլխուղեղի բաժին է տեղադրված տեսաթմբի տակ , մտնում է միջանկյալ ուղեղի կազմի մեջ, գոյացնում է 3րդ փորոքի պատերը ու հատակը։Այն ներզատիչ համակարգի բարձրագույն և վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ուղեղային կենտրոնն է։ Հիպոթալամուսը պարունակում է հատուկ բջիջներ, որոնք կոչվում են նեյրոսեկրետորային բջիջներ՝ նեյրոններ, որոնք արտազատում են հորմոններ, ինչպիսիք են ՝

Թիրոտրոպին ազատող հորմոն /TRH/

Աճի հորմոն ազատող հորմոն /GHRH/

Աճի հորմոնը արգելակող հորմոն /GHIH/

Գոնադոտրոպին ազատող հորմոն /GnRH/

Կորտիկոտրոպին ազատող հորմոն /CRH/

Օքսիտոցին

Հակադիուրետիկ հորմոն /ADH/

Բոլոր արտազատող և արգելակող հորմոնները ազդում են հիպոֆիզի առաջի գեղձի աշխատանքի վրա: Թիրոտրոպին ազատող հորմոնը /TRH/ խթանում է հիպոֆիզի առաջային բիլթը՝ նպաստելով վահանաձև գեղձի աշխատանքը խթանող հորմոնի արտազատմանը: Աճի հորմոն ազատող հորմոնը/ GHRH/-ը և Աճի հորմոնը արգելակող հորմոնն /GHIH/ աշխատում են աճի հորմոնի արտազատումը կարգավորելու ուղղությամբ։ Գոնադոտրոպին ազատող հորմոնն / GnRH/ խթանում է ֆոլիկուլը խթանող հորմոնի և լյուտեինացնող հորմոնի թողարկումը, մինչդեռ  Կորտիկոտրոպին ազատող հորմոնն /CRH/ խթանում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնի թողարկումը: Վերջին երկու հորմոնները՝ օքսիտոցինը և հակադիուրետիկ հորմոնը, արտադրվում են հիպոթալամուսի կողմից և տեղափոխվում են հետին հիպոֆիզ, որտեղ դրանք պահվում և հետագայում արտազատվում  են:

Հիպոֆիզ

Հիպոֆիզը ոչ մեծ չափերի ներքին ներզատական գեղձ է` տեղադրված թրքական թամբում։ Հասուն մարդկանց շրջանում այն կազմում է մոտ 0,7գ (կանանց օրգանիզմում փոքր-ինչ ավելի մեծ է, քան նույն տարիքի տղամարդկանց օրգանիզմում)։ Թրքական թամբում հիպոֆիզը շրջապատված է ուղեղի կարծր թաղանթով, որի թերթիկների միջով անցնում են երակային անոթները/որպեսզի այնտեղ արտադրվող հորմոնները տեղափոխվեն ամբողջ մարմնով/։ Թրքական թամբի դիաֆրագմային բացվածքով անցնում է հիպոֆիզի ոտիկը, որը վերջինս միացնում է հիպոթալամուսի հետ։ Հիպոֆիզի ոտիկը նյարդաթելերի խուրձ է, որը գնում է դեպի հետին հիպոֆիզ` նեյրոհիպոֆիզ։

Հիպոֆիզը կազմված է 2 բլթերից` առաջային` ադենոհիպոֆիզ, որը կազմում է մոտ 75%- ը, և հետին` նեյրոհիպոֆիզ։ Առաջային հիպոֆիզի հորմոնների մեծ մասի ազդեցությունն ուղղված է ծայրամասային էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ ակտիվության կարգավորմանը (վահանաձև գեղձ, սեռական գեղձեր, մակերիկամներ)։ Այդ առումով հիպոֆիզի առաջային բիլթը և համապատասխան ծայրամասային էնդոկրին գեղձը միասին նույնպես մասնակիորեն ավտոնոմ գործող համակարգ են։ Ցանկացած էնդոկրին գեղձի ֆունկցիայի խանգարման պաթոգենեզում որոշակիորեն մասնակցում է նաև նեյրոէնդոկրին-իմունային կարգավորող համակարգը։

Հետին հիպոֆիզի գեղձը՝ նեյրոհիպոֆիզը  իրականում  գեղձային հյուսվածք չէ, այլ նյարդային հյուսվածք է: Հետին հիպոֆիզը հիպոթալամուսի փոքր ընդլայնումն է, որի միջով տարածվում են հիպոթալամուսի որոշ նյարդասեկրետորային բջիջների աքսոնները: Այս նեյրոսեկրետորային բջիջները հիպոթալամուսում ստեղծում են 2 հորմոններ, որոնք պահվում և արտազատվում են հետին հիպոֆիզի կողմից.

  • Օքսիտոցինը ծննդաբերության ժամանակ առաջացնում է արգանդի կծկում, իսկ կրծքով կերակրման ժամանակ կաթի արտազատումը:
  • Հակադիուրետիկ հորմոնը (ADH) կանխում է օրգանիզմում ջրի կորուստը՝ մեծացնելով երիկամներում ջրի հետներծծումը ։

Առաջային հիպոֆիզում՝ ադենոհիպոֆիզում գտնվում են հետևյալ տիպի բջիջներ` ացիդոֆիլ, բազոֆիլ և քրոմոֆոբ։ Ացիդոֆիլ բջիջներն արտադրում են` սոմատոտրոպ հորմոն և պրոլակտին։ Բազոֆիլ բջիջները՝ ԱԿՏՀ, ԹԽՀ, ԼՀ, ՖԽՀ։ Քրոմոֆոբ բջիջները սեկրետոր գործունեություն չունեն։Ադենոհիպոֆիզի կողմից արտադրվող հորմոնները հետևյալն են.

  • պրոլակտին` ՊՐԼ (PRL) ունի բազմաթիվ ազդեցություններ օրգանիզմի վրա, որոնցից գլխավորն այն է, որ այն խթանում է կրծքագեղձի կաթնագեղձերը կաթ արտադրելուն:
  • աճի հորմոն (սոմատոտրոպին)` ԱՀ,
  • թիրեոխթանիչ հորմոն (թիրեոտրոպին)` ԹԽՀ(TSH),
  • լյուտեինացնող հորմոն` ԼՀ(LH),
  • ֆոլիկուլոխթանիչ հորմոն` ՖԽՀ(FSH),
  • ադրենոկորտիկոտրոպ հորմոն (կորտիկոտրոպին)` ԱԿՏՀ,
  • մելանոցիտ-խթանող հորմոն` ՄԽՀ,
  • լիպոտրոպին։

Էպիֆիզ/կոնաձև գեղձ/

Մարդկանց մոտ կոնաձև գեղձը փոքր է (100-150 մգ), խիստ անոթավորված և արտազատող նեյրոէնդոկրին օրգան է: Այն գտնվում է ուղեղի միջին գծում, արյունաուղեղային պատնեշից դուրս և կարճ ցողունով կցված է երրորդ փորոքի վերին հատվածին։ Կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող պրոցեսները։ Պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատին․՝ circa diem – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։ Կոնաձև գեղձի հիմնական գործառույթն է շրջակա միջավայրից ստանալ և փոխանցել ընթացիկ լույսի և մութ ցիկլի մասին տեղեկատվություն գիշերային ժամերին մելատոնինի ցիկլային արտադրության և սեկրեցիայի միջոցով:

Վահանագեղձ կամ վահանաձև գեղձ

Վահանագեղձն ունի թիթեռի տեսք, որի թևերը տարածված են ձախ և աջ բլթերով, որոնք իրար հետ կապված են նեղուցով։ Ամեն բլթի չափերը կազմում են 2,5-4 սմ երկարություն, 1,5-2 սմ լայնություն և 1-1,5 սմ հաստություն։ Վահանագեղձն ընդգրկված է շարակցահյուսվածքային պատյանի մեջ, որը կազմված է արտաքին և ներքին թերթիկներից, որոնց միջև գտնվում են անոթներ, հետադարձ նյարդը և հարվահանագեղձերը։ Վահանագեղձի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորը ֆոլիկուլն է։ Վահանաձև գեղձն արտադրում է

  • թիրօքսին (T4, տետրայոդթիրոնին),
  • տրիյոդթիրոնին (T3),
  • կալցիտոնին հորմոնները։

Թիրօքսինը կենսաբանորեն ակտիվ տրիյոդթիրոնին հորմոնի պրոհորմոնն է։ Օրվա ընթացքում սինթեզվում է շուրջ 80–100մկգ թիրօքսին։

Տրիյոդթիրոնին. կենսաբանորեն ակտիվ հորմոն է, օրվա ընթացքում սինթեզվում է շուրջ 20–30մկգ, ընդ որում, այդ քանակի 20%-ը սինթեզվում է հենց վահանագեղձում, իսկ 80%-ը առաջանում է թիրօքսինից` T4-5 դեյոդինազա ֆերմենտի ազդեցությամբ, ծայրամասում (գլխավորապես լյարդում, երիկամներում, հիպոֆիզում)։

Կալցիտոնին. արտադրվում է պարաֆոլիկուլյար բջիջների կողմից (C — բջիջներ), արյան մեջ նվազեցնում է կալցիումի մակարդակը` ներառելով այն ոսկրային հյուսվածքի մեջ։

Հարվահանաձև գեղձեր

Հարվահանաձևգեղձերը տեղակայված են վահանաձևգեղձի հետին մասում, վերին և ստորին բևեռներում։ Հիմնականում լինում են 2ից մինչև  12զույգ։Հարվահանագեղձերն արտադրում են պարաթհորմոն, որը բարդ սպիտակուցային նյութ է ։Վերջինս մասնակցում  է կալցիումի իոնային հոմեոստազին։Պարաթհորմոնը (ՊՀ) արտազատվում է այ ն ժամանակ, երբ արյան մեջ կալցիումի իոնների մակարդակը սահմանված կետից ցածր է։Պարաթհորմոնի (ՊՀ) հիմնական ֆունկցիաներն են արյան մեջ կալցիումի քանակի բարձրացումը և ֆոսֆատների քանակի նվազումը։

Մակերիկամներ

Մակերիկամները կենսական կարևոր զույգ օրգաններ են, որոնք ներզատական գեղձեր են և կազմված են արտաքին՝ կեղևային, և ներքին՝ միջուկային  շերտերից, որոնք ունեն տարբեր ծագումներ։ Մակերիկամի միջուկային շերտն ունի նյարդային ծագում և կազմված է քրոմաֆինային (ֆեոքրոմային) կամ կատեխոլամին արտադրող բջիջներից։ Մակերիկամի կեղևն իր հերթին կազմված է 3 գոտիներից՝ կծիկային (zona glomerulosa), խրձային (zona fasciculata) և ցանցային (zona reticularis)։ Հասուն մարդու օրգանիզմում մակերիկամն եռանկյունաձև է` 4 x 2 x 0,3սմ չափերով և 5-7գ քաշով։

Կծիկային շերտում սինթեզվում են միներալոկորտիկոիդները, որոնք օրգանիզմում կարգավորում են ջրաաղային փոխանակությունը։

Խրձային շերտում, որը կազմում է մակերիկամի կեղևի մոտ 70%-ը, արտադրվում են գլյուկոկորտիկոիդներ` կորտիզոլ, կորտիզոն, կորտիկոստերոն, 11- դեզօքսիկորտիզոլ և 11-դեհիդրոկորտիկոստերոն (թվարկված են` ըստ ակտիվության նվազման), որոնցից ամենաակտիվ գլյուկոկորտիկոիդը կորտիզոլն է։

Ցանցային գոտում, որը կազմում է մակերիկամի կեղևի 25%-ը, արտադրվում են սեռական հորմոններ` անդրոգեններ և փոքր քանակությամբ էստրոգեններ և պրոգեստերոն։

Մակերիկամի միջուկային նյութում, որը կազմում է մակերիկամի ընդհանուր զանգվածի 10%-ը, արտադրվում են կատեխոլամիններ` դոֆամին, ադրենալին (էպինեֆրին), նորադրենալին (նորէպինեֆրին), ինչպես նաև դրանց նյութափոխանակության արգասիքներ` մետանեֆրին և նորմետանեֆրին։

Ենթաստամոքսային գեղձ

Ենթաստամքոսային գեղձը հետերոկրին գեղձ է, որը տեղակայված է որովայնի խոռոչում՝ հետորովայնամզային տարածության մեջ՝ ստամոքսի հետևում, և նրանից բաժանված է ճարպոնային ծոցով: Չափահաս մարդու մոտ նրա զանգվածը մոտ 85-95գ է։Հետերոկրին գեղձ է քանի, որ կատարում է և ներզատիչ(տարբեր հորմոններ) և արտազատիչ ֆունկցիա(մարսողական ֆերմենտներ): Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասն են Պ.Լանգերհանսի կողմից նկարագրված կղզյակները։Լանգերհանսի կղզյակները կազմված են ալֆա, բետա, դելտա և F կամ PP բջիջներից։ Ալֆա բջիջները կազմում են կղզյակների բջջային կազմի 20-25%-ը և արտադրում են գլյուկագոն։ Կղզյակների բջիջների հիմնական մասը (75-80%-ը) կազմում են բետա բջիջները, որոնք ինսուլին են արտադրում և պահեստավորում։ δ–բջիջները կատարում են յուրահատուկ (այսպես կոչված, պարակրին) ֆունկցիա. իրականացնում են տեղային ազդեցություն` հորմոններն անմիջականորեն մի բջջից մյուսը տեղափոխելով։ Դելտա բջիջներն արտադրում են սոմատոստատին, որը մարդու և կենդանիների օրգանիզմում ընկճում է ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը։ F-բջիջներն արտադրում են խոլեցիստոկինինի ներհակորդ (անտագոնիստ)` պանկրեատիկ պոլիպեպտիդ։

Սեռական գեղձեր

Գոնադային և գենիտալ տարբերակման բազմափուլային պրոցեսը իրականացվում է վաղ էմբրիոգենեզի փուլում և կարգավորվում է բազմաթիվ գենետիկ, հորմոնալ, կենսաքիմիական և մոլեկուլյար մեխանիզմներով։Ֆենոտիպային սեռի ձևավորման պրոցեսները, որոնք արտացոլում են ներքին և արտաքին սեռական օրգանների կառուցվածքը, տարբեր են իգական և արական սեռերի դեպքում։Բոլոր սեռական հորմոնները ստերոիդներ են։Կենսաբանական ամենամեծ ակտիվությամբ օժտված է տեստոստերոնը, որի ակտիվությունը բարձրանում է կետոնային խմբերի առկայության ժամանակ (դիհիդրոտեստոստերոն)։

Ձվարաններ։ Ձվարանները ունեն երկու հիմնական ֆունկցիա՝ արտադրում են ձվաբջիջ(բեղմնավորման համար պատրաստված կնոջ սեռական բջիջ) և հորմոններ (հատկապես էստրոգեն և պրոգեստերոն), որոնք վերահսկում են կանացի պտղաբերական շրջանը: Այս երկու ֆունկցիաները կարևոր դեր են խաղում կնոջ վերարտադրողական առողջության մեջ։Ձվարանների կողմից արտադրվող հորմոնները մասնակցում են բազում կենսաբանական գործընթացների՝ կրծքագեղձերի զարգացումից մինչև պտղաբերության կարգավորում։

Ամորձիներ։ Ամորձիները սեռական զույգ գեղձեր են , որոնք սեռական հասունացումը սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ(սպերմատոզոիդներ)։Ամորձիները արտադրում են նաև հորմոն՝ տեստոստերոն , որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները(դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։

Ուրցագեղձ

Ուրցագեղձը (կամ thymus) , իմուն-համակարգի մասնագիտացված օրգան է։Ուրցագեղձում կատարվում է  T-լիմֆոցիտները հասունացում, տարբերակում և իմունաբանական «ուսուցում»։

Ուրցագեղձը վարդա-մոխրագույն, փափուկ,եռանկյունաձև օրգան է, տեղակայված կրծոսկրի հետևում։ Նրա աճը շարունակվում է մինչև սեռական հասունացումը, այդ ընթացքում նրա չափերը լինում են առավելագույնը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուրցագեղձը ենթարկվում է ատրոֆիայի և ծերունական հասակում դժվարությամբ է տարբերվում այն շրջապատող ճարպային հյուսվածքից։ Արտադրում է մի շարք սպիտակուցային հորմոններ, մասնավորապես թիմոզին, թիմալին, թիմոպոետին, թիմուսային հումորալ գործոն։ T-լիմֆոցիտների պաշարը ստեղծվում է կյանքի վաղ շրջաններում, ինչի հետևանքով ուրցագեղձի ֆունկցիան մեծահասակների շրջանում փոքրանում է։ Ուրցագեղձի ինվոլյուցիայի հետ է կապված ծերունական տարիքում իմուն ֆունկցիայի ընկճումը, ինֆեկցիաների և քաղցկեղի նկատմամբ զգայունության բարձրացումը։

Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Medics.am  կայքին

Գրանցում Մուտք
Մուտք/Ելք
Գրանցվի՛ր Դասախոս
Սույնով դուք հասատատում եք,որ ծանոթացել եք Օգտագործողի պայմանների և Գաղտնիության Քաղաքականության հետ
Գրանցվի՛ր Ուսանող
Սույնով դուք հաստատում եք, որ ծանոթացել եք Օգտագործողի պայմանների և Գաղտնիության քաղաքականության հետ